Երևան

 

Հայաստանի մայրաքաղաք Երևանը, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին, աշխարհի ամենահին
քաղաքներից է. այն Հռոմից 29 տարով ավելի հին է:
Երևանում ցայսօր պահպանվել են Ուրարտուի հինավուրց քաղաքի՝ Էրեբունիի ավերակները: Երևանը
հակասությունների քաղաք է. կողք կողքի կարելի է տեսնել պատմական հինավուրց հուշարձանների և
մոդեռն ոճի ժամանակակից շինությունների ներդաշնակ համադրությունը: Երևանը նաև «վարդագույն
քաղաք» է կոչվում, քանի որ քաղաքի շինությունների զգալի մասը կառուցված է վարդագույն տուֆից:
Երևանի սիրտը Հանրապետության հրապարակն է, որը շրջապատված է երկրի կառավարության շենքով,
Պատմության թանգարանով, ՀՀ փոստի կենտրոնական գրասենյակով, հյուրանոցներով, սրճարաններով և
այլն: Հանրապետության հրապարակը հայտնի է իր «երգող շատրվաններով», որի գունագեղությունը
հատկապես երեկոյան ժամերին գերում ու հիացնում է յուրաքանչյուրին: Հրապարակի հարևանությամբ
գտնվում է վերնիսաժը, որտեղ հուշանվերներ և զարդեր ձեռք բերելուց զատ կարելի է պարզապես շրջել ու
հիանալ հայ տաղանդավոր վարպետների ձեռագործ աշխատանքներով: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի
և բալետի ազգային ակադեմիական թատրոնից էլ կարելի է զմայլվել Կարապի լճով:
Հայաստանի մայրաքաղաքը հարուստ է թանգարաններով, թատրոններով, կինոթատրոններով,
զբոսայգիներով: Միայն Երևանում կարելի է տեսնել աշխարհի ամենամեծ և ամենափոքր, ամենաբարակ և
ամենահաստ գրքերը, որոնք բոլորը պահվում են Երևանի Մատենադարանում՝ հնագույն ձեռագրերի
թանգարան-ինստիտուտում:
Գալ Երևան և չայցելել 1887 թվականին հիմնադրված Կոնյակի գործարան, նշանակում է չզգալ Հայաստանի
իրական համը: Այստեղ յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է համտեսել հայկական բազմադարյա ըմպելիքը`
պատրաստված հարավային արևի շողերով հագեցած խաղողից:
Երևանն, իրավամբ, աշխարհի ամենավտանգ քաղաքներից է. երեկոյան և գիշերային զբոսանքները Երևանում
միայն հաճելի զգացումներ կառաջացնեն ամեն մարդու հոգում: Քաղաքում շատ են նաև տարբեր փաբերն ու
ջազ-ակումբները, որտեղ կարելի է լիցքաթափվել և լսել հաճելի երաժշտություն:

Այցելելով Երևան՝ ինքներդ կտեսնեք ու կվայելեք քաղաքամայր Երևանի՝ իր այցելուների հանդեպ տածած
անսահման սերը: