Tags: Հայաստանի Մասին Գառնու հեթանոսական տաճար

 

Գառնու հեթանոսական տաճարը հայկական հնագույն հուշարձաններից մեկն է, որը կառուցվել է
նախաքրիստոնեական ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. I դ. հայոց Տրդատ I արքայի կողմից: Այն հելլենիզմի և
հեթանոսական դարաշրջանին պատկանող մինչ օրս պահպանված հայկական միակ հուշարձանն է:

Տաճարը հայոց թագավորների ամենասիրելի վայրերից մեկն էր. պատճառը ոչ միայն նրա անառիկ լինելն
էր, այլև տեղանքի բարենպաստ կլիման: Տաճարը նաև ծառայել է որպես թագավորների ամառային
նստավայր:
1679 թ.-ին հզոր երկրաշարժի պատճառով Գառնու տաճարը գրեթե ամբողջությամբ ավերվել է: Արդեն
խորհրդային ժամանակաշրջանում տաճարի վերականգնումը վստահվել է ականավոր ճարտարապետ Ա.
Սահինյանին: Մի քանի տարվա ծանր, քրտնաջան աշխատանքից հետո 1976 թ. պատմական հուշարձանը
ամբողջությամբ վերականգնվել է:
Գառնին գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից 28 կմ հեռավորության վրա` Կոտայքի մարզի
նույնանուն գյուղում: Տաճարը կառուցվել է դասական հունական ճարտարապետության կանոնների
համաձայն: Այն շատ նման է Աթենքի հայտնի տաճարին:
Տաճարի ճակատային մասը զարդարված է 24 սյուներով: Սյուների խոյակները բարձրաքանդակ ձվարդներով
և գալարազարդերով, քիվը՝ առյուծի գլուխներով ու արմավենիկներով են զարդարված, հատակն էլ՝
հելլենիստական ​​ նրբագեղ խճանկարով:
2011 թ. Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈւՆԵՍԿՕ-
Հունաստան 2011 մրցանակին: