Նորավանք

 

Հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը 13-14-րդ դարերում կառուցված
Նորավանքի վանական համալիրն է: Նորավանքը գտնվում է Երևանից 122 կմ հեռավորության վրա՝ Արփա
գետի վտակի գեղատեսիլ կիրճի լանջին:
Նորավանքի վանական համալիրը հիմնադրել է Հովհաննես եպիսկոպոսը 1205 թվականին: Համալիրը
ներառում է Սուրբ Կարապետ եկեղեցին, Սուրբ Գրիգոր մատուռը և Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Համալիրը նաև Օրբելյան իշխանների նստավայրն է եղել: 13-14 դարերում համալիրի շինարարական
աշխատանքներում իր ուրույն դերն ու մասնակցությունն է ունեցել ականավոր մանրանկարիչ Մոմիկը:
Վանքի ամենահին կառույցը Ս. Կարապետի եկեղեցին է՝ կառուցված 9-10-րդ դդ.: 1216-1223 թթ.
կառուցվել է վանական համալիրի գլխավոր տաճարը, որը ևս Սուրբ Կարապետ է կոչվում: 1275 թ.-ին
եկեղեցու հյուսիսային հատվածում վեր է խոյացել Սուրբ Գրիգոր եկեղեցին: Համալիրի ամենահիասքանչ
մասը 1339 թ-ին կառուցված երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցին է. այն կառուցվել է իշխան
Բուրթել Օրբելյանի մեկենասությամբ:

Նորավանքը իրավամբ ճարտարապետական եզակի ​​հուշարձան է: Հատկապես գեղեցիկ է շենքի ճակատային
հատվածը, որը բաղկացած է երկհարկանի աստիճաններից, որոնք տանում են եկեղեցու երկրորդ հարկ:
Առաջին հարկի գավթի շքամուտքին քանդակված է Աստվածածինը մանուկ Քրիստոսը ծնկին, իսկ երկրորդ
հարկի մուտքին տեսնում ենք Քրիստոսի և Պետրոսի ու Պողոսի առաքյալների պատկերները:
Շնորհիվ միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ հոյակապ լուծումների և համալիրը շրջապատող
չքնաղ բնության՝ Նորավանքը դարձել է զբոսաշրջային երթուղիների հիմնական ուղղություններից մեկը:
2002 թ. Նորավանքի վանական համալիրի բոլոր եկեղեցիները ամբողջությամբ վերականգնվել են:
Նորավանքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: