Tags: Հայաստանի Մասին Հայաստան

Բարի գալուստ Հայաստան` պատմամշակութային հնագույն արժեքների և չնաշխարհիկ բնության
խորհրդավոր գանձարան:
Հայաստանը, լինելով առաջին քրիստոնեա երկիրը, հնագույն քաղաքակրթության բնօրրաններից մեկը,
աշխարհի տարբեր ծագերից տարեց տարի ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների և ուխտավորների է
գրավում: Չէ՞ որ ավելի քան 4 հազար պատմական և մշակութային բացառիկ հուշարձաններ են
կենտրոնացած Հայաստանի տարածքում:
Հայաստանի հարուստությունը, իհարկե, միայն հնագույն հուշարձանները չեն: Մեղմ կլիման, գեղեցիկ
բնությունը, մաքուր օդն ու ջուրը... այս ամենը հիանալի ժամանցի լավագույն գրավականն են: Այս հնագույն
երկրի խորհրդանիշը բիբլիական Արարատ լեռն է, որը տեսանելի է երկրի գրեթե բոլոր անկյուններից:
Իր փիրուզե ջրերով դեպի իրեն է կանչում կապուտաչյա Սևանը՝ Հայաստանի մարգարիտը: Իրենց
շքեղությամբ յուրաքանչյուրին գրավում են Գառնու հնագույն տաճարը, վիմափոր Գեղարդի վանական
համալիրը, Տաթևի վանքը՝ կառուցված 9-10-րդ դդ., որին հարող տարածքում էլ աշխարհի ամենաերկար
ճոպանուղին է ձգվում՝ «Տաթևի թևերը»:
Սակայն արևոտ Հայաստանի ամենամեծ հարստությունը մարդիկ են, նրանց բարեսրտությունը,
հյուրընկալությունը, որոնք ստիպում են Հայաստան այցելած զբոսաշրջիկներին և հյուրերին կրկին ու կրկին
վերադառնալ այստեղ:

Հայաստանը գրավիչ է ոչ միայն զբոսաշրջիկների ու ուխտավորների, այլև մարզիկների, ակտիվ ու
էքստրեմալ հանգստի սիրահարների համար: Նրանց համար իրենց հյուրընկալ դռներն են բացում Ջերմուկ և
Ծաղկաձոր առողջարանային քաղաքները:
Ծաղկաձորը հայտնի է իր գերժամանակակից լեռնադահուկային մարզուղիներով և միջազգային
պահանջներին համապատասխանող ժամանցային վայրերով և հյուրանոցներով:
Բացի այդ, ազգային ավանդույթներով և համեղ խոհանոցով աչքի ընկնող Հայաստանը հետաքրքիր է նաև
ագրոտուրիզմի սիրահարների համար:
Այս հրաշալի երկրում սերտորեն միահյուսված հնագույն ավանդույթները և ժամանակակից կենսակերպը:
Այստեղ կա ինչպես հնագույն ձեռագրերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, այնպես էլ ստեղծարար
տեխնոլոգիաների «ԹՈՒՄՈ» կենտրոն: Մարդիկ հավասարապես սիրում են և՛ ջազն ու ռոքը, և՛ ազգային-
ժողովրդական երգ-երաժշտությունը: Հայաստանում ամեն ոք կարող է գտնել իրեն հոգեհարազատը: Ինչպես
ասացվածքն է ասում՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել:

Բարի գալուստ Հայաստան: